Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Կանաչ նստարան

Կանաչ նստարան
29.05.2009 | 00:00

ԱՆԱՊԱՀՈՎ ԱՅԳԻՆԵՐ
Քաղաքականությունից և սեփական առողջությունից խոսող թոշակառուներ, գրկախառնված սիրահար զույգեր, արևածաղիկ կեղևազրկող ուսանողներ... Ահա հիմնական պատկերը, որ բնորոշ է Երևանի գրեթե բոլոր այգիներին։ Դրանք ոմանց համար հանգստանալու հաճույքն ստանալու, մյուսների համար էլ` փող աշխատելու և ձանձրույթից փախչելու վայր են։ Ձանձրույթը բնորոշ է հատկապես ծերունիներին, որոնք Օղակաձև զբոսայգում են օրական տասը ժամ։ Նրանք զրուցում են, հետևում այգու անցուդարձին ու շատ ինքնատիպ եզրակացություններ անում։ «Պետք է շներին ու իրենց տերերին դնչկալ հագցնել։ Շներին` անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ տերերին` հայհոյելու համար»,- միանգամայն լուրջ ասում է Վարդանյան Աշոտը։
Տարեցները բողոքում են, որ չորքոտանիները կոտրում են մատղաշ ծառերը, իսկ այգին դարձնում պետքարան։ Ալևորներն անկեղծորեն խոստովանում են, որ իրենք նույնպես երբեմն ստիպված են լինում իրենց կարիքներն այգում հոգալ։ Պատճառն այգում հասարակական զուգարանի բացակայությունն է։
Հաղթանակի այգու մուտքի մոտ գրեթե միշտ ականջ է սղոցում տաքսու վարորդների և կայանողների հայհոյախառն բարձր զրույցը։ Զբոսայգի մտնելիս էլ միանգամից «աչքդ են մտնում» իրենց ապրանքն առաջարկող մանրավաճառները, արագ սնունդ վաճառողները։
«Մոնումենտում ամեն ինչ դուր է գալիս, բացի կաֆեներից, բարձր, աղմկոտ ու միանգամից հնչող տարբեր երգերից»,- ասում է 5-ամյա թոռնիկին այգի բերած ուսուցչուհի Լաուրա Բաբաջանյանը։
«Վերնիսաժ» դարձած Սարյանի հայտնի ճեմայգի այցելում են հիմնականում տուրիստներ, բարձր խավի տեղացի հարուստ մարդիկ և նրանք, ովքեր հեռանում են Հայաստանից ու ցանկանում իրենց հետ որևէ հուշ տանել»,- ասում է շրջանակներ վաճառող Շահվերդյան Սուրենը։
Այստեղ վաճառքը լճացած է։ Նկարիչներ կան, որոնք վերջին անգամ 3-4 ամիս առաջ են նկար ծախել։ Հավանաբար, դա էր պատճառը, որ վաճառողները խմբերի բաժանված խոսում էին քաղաքականությունից, խաղում շաշկի, շախմատ և փնտրում Ֆրանսիա գնալու ուղիներ։
Հայկական կենցաղ մուտք գործած նոր երևույթ է պիկնիկ (դաշտախնջույք) կազմակերպելը։ Դա առավել հաճախ հանդիպող երևույթ է երկու տարի առաջ սեփականաշնորհված Թումանյանի այգում։ Այստեղ մարդիկ նշում են ծնունդներ, հավաքվում ընտանիքներով ու ընկերներով։
«Այգին ձորի բերանին է, բայց ռեշոտկա չկա, իսկ դա վտանգավոր է երեխաների և անհարմար` գնդակ խաղալու համար»,- դժգոհում է Միրզոյան Հեղինեն։
Այգում կան հսկիչներ, որոնք պահպանում են բնությունը, կանխում կռիվները և արգելում սիրահարներին` համբուրվել։
Վերջին հանգամանքը, սակայն, սիրահարված զույգերին այնքան էլ չի տխրեցնում, որովհետև մի քանի ամիս առաջ բացված Սիրահարների այգին հենց նրանց համար է։ Համբուրվեք, որքան սիրտներդ ուզի։
Պուրակում կան նաև ծերունիների համար նախատեսված տաղավարներ, բարձրակարգ հասարակական զուգարան և բացօթյա ամֆիթատրոն։ Ծառերը խնամվում են, կածանները` մաքրվում։ Աշխատողներն էլ դժգոհելու պատճառ չունեն։ Ճիշտ հակառակը։
«Ապրեն մեր ղեկավարները, որ մեզ նման կարիքավոր տատիկներին գործ են տալիս,- ասաց այգում աշխատող հավաքարարներից մեկը։- Գոհ ենք, փողը ստանում ենք ժամանակին ու բանկոմատից»։
Այդուհանդերձ, այգիների մասին պետականորեն մշակված հստակ ծրագրի կարիք վաղուց է զգացվում։ Այլապես ոչ հեռու ապագայում որոշ հասարակական այգիներ կարող են վերածվել բիզնես կենտրոնների, ուրիշներն էլ` մեծ աղբանոցների։
Մանվել ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 3309

Մեկնաբանություններ